Archive for the ‘մայիսյան հավաք’ Category

Տեխնոլոգիա. նախագծային ուսուցում, ուսումնական աշխատանքի ներկայացում, ամփոփում

Տեխնոլոգիական հմտությունների զարգացումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում կրտսեր դպրոցում: Տեխնոլոգիա առարկան մի ամբողջականություն է, որը ոչ միայն չի սահմանափակում մտքի ազատությունը, զարգացնում է մտածելակերպը և օգնում ստեղծագործել նաև այլ բնագավառներում:

Ուսումնական տարվա ձեռքբերումներից մեկը սովորողների հետ նախագծային ուսուցման մեթոդով աշխատելն էր: Նախագծային ուսուցումը հետաքրքիր է դարձնում ուսումնական ողջ գործընթացը, նպաստում սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը:Այս ամբողջական աշխատանքին նպաստող պայմաններից մեկն էլ կրթահամալիրի ուսումնական օրացույցն է: Քանի որ տեխնոլոգիան իր մեջ ներառում է խեցեգործություն, նկարչություն, քանդակագործություն, դիզայն, այդ իսկ պատճառով սովորողի համար հետաքրքիր է դառնում որպես անհատ մասնակցելը նախագծին և թեկուզ մի մասնիկ էլ ավելացնելով` նաև իրենը դարձնել ու ներկայացնել ընդհանուրի ստեղծած աշխատանքը:

Նախագծային մեթոդով աշխատելու առավելություններից մեկն էլ այն է, որ թե’ սովորողը,թե’ դասավանդողը նախագիծը սկսելուց առաջ որոնողական և ստեղծագործական աշխատանք են տանում: Արդյունքում ստացվում է հետաքրքիր,ուսուցողական,ստեղծագործ աշխատանք, որը ներկայացվում է կրթահամալիրի կայքում, ենթակայքում, սովորողների և դասավանդողի բլոգերում:

Նախագծի կազմակերպման և իրականացման ընթացքում կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային առանձնահատկությունները, կարողությունները, քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իր հմտությունները, հնարավորությունների սահմանը: Յուրաքանչյուր նախագծի ավարտին սովորողը, իր կատարած աշխատանքի արդյունքը տեսնելով, մեծ ոգևորություն է ապրում, կիրառում իր պատրաստած իրը կենցաղում և ձևավորելով իր անհատական ճաշակը, ցանկանում է տարբերվել շրջապատից և լինել առանձնահատուկ ու չկրկնվող:

Իսկ հիմա ներկայացնում եմ նախագծային մեթոդով սովորողների հետ իրականացրած աշխատանքները:

Այս ուսումնական տարվա առաջին աշխատանքը Կոմիտասյան օրերի նախագիծն էր: Քանի որ կրթահամալիրում Կոմիտասի արվեստը կարևորվում և գնահատվում է, այդ իսկ պատճառով փորձեցինք նաև աշխատել կավով, դե, իհարկե, լսելով կոմիտասյան հնչյուններն ու տաղերը: Բացի դրանից, նախապես ուսումնասիրեցինք մի շարք արվեստագետների աշխատանքները, ովքեր ներկայացրել են Կոմիտասին կերպարվեստում: Նախագծի գլխավոր նպատակներից մեկն այն էր, որ սովորողը ծանոթանա հայ արվեստագետների այն ստեղծագործություններին, որոնց համար հիմնական ստեղծագործական ներշնչման աղբյուր է հանդիսացել Կոմիտասը: Ծանոթացանք Կոմիտասին ոչ միայն կերպարվեստում, գրականության մեջ, այլ նաև քանդակագործության մեջ, կիրառական արվեստում: Երկար քննարկումներից հետո ընտրվեց Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը: Մեծ բավականություն ստանացանք մեր կատարած աշխատանքից` լիցքավորվելով դրական կոմիտասյան շնչով և էներգիայով:

Մեծ ոգևորություն առաջացրեց ուսուցչի տոնին նվիրված «Հոկտեմբերյան անակնկալ» նախագիծը, որի ընթացքում սովորողների հետ միասին պատրաստեցինք փոքրիկ հետաքրքիր վզնոցներ, գրքեր, որոնք էլ Մարմարյա սրահում նվիրեցինք մեր բոլոր դասավանդողներին և մեծ հրճվանք ապրեցինք նվերները մատուցելով: Նախագծի իրականացման մեջ արտահայտվեցին մի շարք դրական զգացողություններ՝ սերը դեպի իրենց ուսուցիչը, գնահատելու կարողությունը, առանց որևէ բան գնելու, սեփական ձեռքի աշխատանքի միջոցով նվեր անելու ուրախությունը:
Իսկ «Ձոն» ստուգատեսի ընթացքում ստեղծվեց «Կավե ծաղկամաններ կանանց տոնին» նախագիծը: Նախագծի վերջնական արդյունքը այսպիսին է: Սիրով ներկայացնում եմ նաև «Նվեր ուսուցչիս»«Նվեր մայրիկիս» նախագծերը:

«Խնկոյանական օրերը կրթահամալիրում» նախագծի ընթացքում կատարած աշխատանքը հետաքրքիր էր նրանով, որ վերջում ունեցանք կավե թատրոն: Խնկոյանական օրերն ավելի հետաքրքիր և ստեղծական  դարձնելու համար ընտրվեց Ա.Խնկոյանի «Մկների ժողովը»  ստեղծագործությունը:Սովորողների հետ միասին նյութը ուսումնասիրելուց հետո յուրաքանչյուր կերպար ստեղծվեց կավից, մշակվեց, թրծվեց և դարձավ կավե թատրոնի պատառիկ: Այնուհետև 2-րդ դասարանի սովորողների հետ միասին բեմադրեցինք մեր ձեռքերով ստեղծած թատրոնը:

Հաջորդը «Սեբաստացու օրեր կրթահամալիրում» նախագիծն էր, որի ընթացքում սովորողը զարգացրեց խեցեգործական իրեր պատրաստելու նոր հմտություններ, ծանոթացավ կենցաղային ժանրին: Նախագծի վերջում պատրաստված բոլոր խեցեգործական իրերը՝ աղամանները, գինու փոքրիկ գավաթները, ափսեները ցուցադրվեցին տաղավարներում ծեսի ժամանակ: Այնուհետև սովորողները կավից պատրաստեցին հենց իրենց՝ սեբաստացիներին:Սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքը՝ Մենք և մեր սեբաստացի ընկերները:

Ամանորի շրջանակում սովորողների հետ միասին իրագործեցինք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր, որի շնորհիվ ունեցանք հետաքրիր միջավայր, օրիգինալ ամանորյա կավե խաղալիքներ և, իհարկե, անակնկալ տոնածառ: Վերջում Դպրոց-պարտեզն ունեցավ իր բյուրեղապակյա, թափանցիկ տոնածառը, որն  օրիգինալ էր և հետաքրքիր: Շարունակելով ինքնատիպ տոնածառերի շքերթը` ներկայացնում եմ նաև Դպրոց-պարտեզի՝ թելով հյուսված թարս ու շիտակ տոնածառը: Ահա և ամանորյա նախապատրաստական աշխատանքների մասին պատմող ֆոտոպատումը:

«Դիջիթեքյան օրեր, դիջի-սիմվոլների ստեղծում, Դիջիդդում 2014» նախագծի ընթացքում ստեղծվեցին փոքրիկ վզնոց սիմվոլներ, դիջի-տեխնիկաDIGIհետք 2015, որոնք դարձյալ կավից էին: Դրանք դարձան դիջի փոքրիկ մրցանակներ: Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալու և հանդես գալու նոր մտքերով:Հետո ստեղծեցինք նաև Տեխնոլոգիական Դիջի գովազդային հոլովակ:

Տերյանական օրերին ընդառաջ սովորողների հետ միասին պատրաստեցինք կավե բացիկներ, որոնց վրա էլ գրվեցին Տերյանի ստեղծագործություններից հատվածներ:

Իմ և բոլորիս կողմից սիրված ամենահետաքրքիր նախագծերից մեկը «Թումանյանական օրերն» են, որի մասին կներկայացնեմ ավելի մանրամասն: Նախագծի նպատակներից է եղել զարգացնել սովորողի ստեղծագործ միտքը, շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել ևս մեկը: Ստեղծեցինք նաև թղթե կերպարներ: Թումանյանի ստեղծագործություններից ընտրվեց «Ձախորդ Փանոսը», և նախագծի վերջում ունեցանք դեկորատիվ խճանկար-հեքիաթ հայելի, որը զարդարեց Դպրոց-պարտեզի միջավայրը, իսկ իր վերջնական տեղը գտավ Թումանյանի երևանյան տանը` թանգարանում, ինչի համար հպարտ ենք, քանզի այն  դարձավ մնայուն արժեք:Այս աշխատանքից հետո ստեղծվեցին այլ հետաքրքիր նախագծեր՝ Հովհ. Թումանյանի «Չարի վերջը»«Քաջ Նազարը», արդյունքում ունեցանք կոլաժային աշխատանք, թղթե թատրոն և հետաքրքիր միջավայր:

«Զատկի ծես» նախագծի ընթացքում կատարած կավե աշխատանքները կիրառելի էին, գեղեցիկ և ծիսական: Նախագծի ավարտին ունեցանք զատկական միջավայր, ձվի համար նախատեսված փոքրիկ ամաններ, զատկական սիմվոլներ, զատկական տիկնիկներ: Նախագծի հիմնական նպատակներից մեկն այն է, որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի, Զատկի ծեսի ավանդույթների, հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել: