Archive for the ‘Հոդված’ Category

Խեցեգործությունը կրթահամալիրում

Նախքան խեցեգործության մասին նյութեր ներկայացնելը՝որպես առաջաբան ուզում եմ ասել,որ կրթահամալիրը այն եզակի  կրթական օջախներից է,որտեղ տեխնոլոգիան, խեցեգործությունը ,կավի տեխնոլոգիան մեծ տեղ են գրավում ,ինչն էլ ինձ շատ ուրախացնում և առավել մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների հետ գործունեություն ծավալելու մեջ։

Խեցեգործության նախապատմությունը

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։Ազգագրական նյութերը լիակատար հնարավորություն են ընձեռում ուսումնասիրելու խեցեգործության տեխնիկան իր բոլոր տարատեսակներով ,քանի որ ազգագրական իրականությունը այս ու այնտեղ վերապրումային ձևով մինչև մեր օրերը պահպանել է խեցեգործությունը իր զարգացման տարբեր աստիճաններում։

Ներկայումս Հայաստանի խեցեգործության մեջ կիրառվում են մի քանի տեխնիկաներ։Նվազագույնը ձեռքով ծեփելու տեխնիկան է ,որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից ,որոնք շարվում են միմյանց վրա և ձեռքով հարթեցվում։Սա խեցեգործության հիմնական փուլերից է,որի շնորհիվ սովորողները կարողանում են օգտագործել սովորած հմտությունները և արդյունք ստանալ։Ինչպես նաև այդ եղանակով պատրաստված ամանեղենը Հայաստանում հայտնի է դեռևս էնեոլիթյան բնակավայրերից։

Անհնար է առանց անցյալ դարերի ընթացքում ստեղծված խեցեգործական իրերի վեր հանման պատմության ,անդրադառնալ այսօրվա խեցեգործության միտումներին ,առավել ևս ներկայացնել ժամանակակից մարդու մտածելակերպն ու կենցաղը՝ ի դեմս հախճապակե և ճենապակե իրերի։

Հայաստանում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ․թ․ա․8-րդ հազարամյակին։Մ․թ․ա․4-րդ հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև <<խեցեգործական նեոլիթի>>նոր դարաշրջան ,երբ հայտնի էր թրծումը  և ամանների կոպիտ զարդանախշումը ։Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում  երևան է գալիս գունազարդ խեցեղենը ,որի դերն այնքան մեծ եղել  Միջին բրոնզե դարում (մ․թ․ա․3-րդ հազամյակի առաջին կես),որ այդ ժամանակահատվածն անվանել են<< գունազարդ խեցու>> դարաշրջան:

Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում զարդանախշի տեսակների բազմազանությամբ ։Հելլենիզմի դարաշրջանի(մ․թ․ա․3-1դդ․) Հին Հայաստանի խեղեգործությունը վկայում է <<գունազարդ խեցու >>վերածաղկումը ։9-13-րդ դարերում Հայաստանի  քաղաքները  (Դվին,Անի)դառնում են  խեցեգործական խոշոր կենտրոններ․այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները։13-18դդ․Սպահանի,Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ,հախճապակե,ջնարակապատ խեցե իրեր։Խեցեգործության կարևոր կենտրոններից մեկը նաև  Քյոթահիան էր։

Զարգացման փուլերը

Կիրառական արվեստը Հայաստանում զարգացել է երկու՝ գեղջկական-ժողովրդական և քաղաքային-արհեստավորական ուղղություններով։

Գեղարվեստական արտադրանք է ստեղծվել գյուղում ,քաղաքում,իշխանական տներում,վանքերում և այլուր։Քաղաքներում արտադրվածները վաճառքի են հանվել երկրից դուրս ,կրել փոխաղդեցություններ,ենթարկվել օտար պատվիրատուների պահանջներին ,իսկ գեղջկական արհեստը ընթացել  է գերազանցապես հավատարիմ մնալով հնօրյա ավանդույթներին։Կատարման տեխնիկայով, ձևերի բազմազանությամբ ,արտաքին գեղեցկությամբ,վրայի նախշերով հին դարերի նմուշները կարևոր են խեցեգործության ,կավագործության պատմության համար։Դրանց մասին մեզ տեղեկություններ են տվել հատկապես Դվինի և Անիի պեղումները,իսկ միջնադարում՝10-11-րդ դդ, Հայաստանում արտադրվել են այնպիսի բարձրորակ հախճապակի,որպիսին Եվրոպան կարողացավ արտադրել միայն 5-6 դար հետո։Եվ աշխարհում ,իհարկե ,պանծացվեցին  եվրոպական ,կայսերական գործարանների արտադրանքը,որ մինչ այժմ մեծ հիացմունք է պատճառում դիտողին։Նման բարձր արվեստի նմուշներ ստեղծվում են հարատև խաղաղության ժամանակ ,ինչը չի կարելի ասել Հայաստանի պատմության մասին։

Արդի խեցեգործությունը

Հայ խեցեգործները ոչ միայն կավե անոթներ են պատրաստել ,այլև մասնակցել են շինարարական,ճարտարապետական աշխատանքներին։Նրանք կավից պատրաստել են ծածկի  կղմինդրներ․ջրմուղի  խողովակներ։Շքաղյուսով պատի երեսին կազմել են խճանկար զարդարումներ։Նման աշխատանքները հիմա էլ արդիական են։

Այժմ անդրադառնանք մերօրյա կավե կենցաղային իրերին։Կարծես մարդու գիտակցության և ապրելակերպի մեջ մեծ հաշվով շատ բան չի փոխվել։Մենք մեր կենցաղում ունենք և պրիմիտիվ խեղեգործական իրեր,որոնք օգտագործվում է միայն մեր խոհանոցներում,դրանց կարելի է դասել գեղջկական -ժողովրդական  խեցեգործության նմուշների շարքը,օրինակ մեր օրերում շատ է տարածված  կին-աղամանները։Իսկ հյուրասիրությունների ժամանակ փորձում ենք ցուցադրել հատկապես հախճապակե գեղարվեստական իրեր։Նման կենցաղավարություն եղել է բոլոր ժամանակներում։

Ինչ վերաբերում է խեցեղենի զարդանախշերին ,կարելի է ասել,որ այժմ օգտագործվում է արխայիկ ձևերից մինչև արևելյան բարդ ոճավորումները։Եվ կարծես բոլորն էլ դիտվում են այժմեական։

Խեցեգործության նշանակությունը

Նախկինում և այժմ էլ առավել մեծ նշանակություն է տրվում կավի բուժիչ նշանակությանը։Այդ վերաբերվում է նաև ներառական կրթությանը ։Կավը իրենից ներկայացնում է բուժման արտ թերապիայի միջոց և կրթահամալիրում ներառական  հատուկ ուսուցման գործընթացում շատ դրական և օգտակար ազդեցություն է թողնում։Այն իրականացվում է գեղարվեստական  գործունեության միջոցով։Նկարելով,քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունն արտահայտելով՝սովորողները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում։Այն կարծես սովորողին հնարավորություն է տալիս ազատվել հոգեկան լարվածությունից և հանգստանալ,ինչպես նաև արտահայտել հույզերն ու ապրումները։

Խեցեգործությամբ զբացվելը ոչ միայ նպաստում է պոտենցիալը  բացահայտելուն ,անձի անկաշկանդ լինելուն ,այլև  օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական ,ճանաչողական հմտությունների զարգաղմանը։Խեցեգործությունը արվեստի  մի ճյուղ է,որի միջոցով  արտահայտում են իրենց  հույզերն ու զգացմունքները։Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը,մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ<< տրամաբանական >> կիսագունդը և շփման համակարգը ։Մարդու նորմալ ներդաշնակ զարգացումը ենթադրում է  գլխուղեղի երկու կիսագնդերի  հավասար ակտիվություն։Բացի դրանից,ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով՝ստեղծագործականություն ,ինտուիցիա,մշակութային կրթություն։

Վերապրելով և վերարտադրելով պատկերները սովորողն ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը ։Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների․

  • զգացմունքների ,հույզերի արտահայտում
  • աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում
  • սեփական անձի անկրկնելիության ,նշանակալիության հաստատում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • շրջակա միջավայրում ինքնուրույն հանդես գալու կարողություն

Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի սովորողը հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ ,քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել աշխարհի հետ և վերջինիս համագործակցումը կդառնա ավելի կառուցողական։Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխի առօրյա կյանք։

Դասընթացի ընթացքում խեցեգործությունը ,տեխնոլոգիան կարող է իրականացվել ինչպես անհատական ,այնպես էլ խմբային։Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբային աշխատանքները։Սովորողներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ ,որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան։Սովորաբար սովորողները իրենց պատրաստած աշխատանքները ցուցադրում և ցուցադրվում են միջավայրում։

Կավի տեսակները

Խեցեգործության հիմնական նյութը կավն է,որը սովորաբար ձեռք են բերում լեռան ստորոտից կամ գետահովիտներից։Կավը հարուստ է հանքային աղերով և միկրոէլեմենտներով ,որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից  (երկաթիի,պղնձի քանակից և այլն)և ծագումից։Կավը լինում է կապույտ,կնաչ,սպիտակ սև,կարմիր դեղին և մոխրագույն։Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը և  բժշկության ,կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով։

 

Ինչ նոր բան կարող է տալ կավը մեր բազմազան տեխնոլոգիաների դարում։Պարզվում է ,որ բոլոր նույն ծառայությունները ,ինչ-որ տվել է մարդուն նրա ստեղծման օրվանից մինչ այժմ,լինի ուտիլիտար թե ճոխության  առարկա։Ահա թե ինչքան կարևոր նյութ է կավը։Իզուր չէ,որ բոլոր ժողովուրդների առասպելաբանության մեջ Աստված մարդուն ստեղծել է կավից և տվել հոգի։

Այժմ տեխնիկայով կարելի է գրեթե ամեն ինչ ստեղծել ,բայց այդ բոլորը մնում են վիրտուալ ոլորտում,իսկ սովորողների շփումը կավի հետ տարբեր տարիքային սահմաններում անշուշտ զարգացնում է աշխատասիրություն,մտածելակերպ,ստեղծած առարկաների շնորհիվ յուրովի ներկայանալու հնարավորություն և տալիս ստեղծելու ,արարելու բերկրանք,հրճվանք։Կավով աշխատելիս յուրաքանչյուրը զգում է ,որ իր նախնիների մշակույթի կրողն ու շարունակողն է։Այն իր դյուրությամբ միաժամանակ ստիպում է նորանոր ձևերի ստեղծմանը,չէ որ դեռ ամեն ինչ չէ ,որ ստեղծված է։ Իսկ հոգի պետք է ներդնել յուրաքանչյուր գործի և իրի մեջ,այլապես այն չի ծառայի ոչնչի և ոչ ոքի։

 

Реклама