Archive for the ‘Լուսանկարչություն’ Category

Աշխարհի առաջին լուսանկարչական ապարատը

Ֆրանսիացի ֆիզիկոս Ժոզեֆ Նիսեֆոր Նիեպսը սկսեց փորձեր կատարել նկարներ տպելու համար դեռ 1816 թ.–ին։ Նա իսկական հաջողության հասավ վիմագրության միջոցով՝ օգտագործելով գերզգայուն նյութ, որը կոչվում է ասֆալտային լաք։ 1820–ականների կեսերին նա օբսկուր–խցում տեղադրեց անագե ափսե, որը պատված էր ասֆալտային լաքով և թողեց, որ այն ութ ժամ լուսակայվի։ Այսօրվա նույնիսկ անփորձ լուսանկարիչը չէր հպարտանա շենքի, ծառի և ամբարի այն աղոտ նկարով, որը ստացվեց Նիեպսի փորձերի արդյունքում, սակայն Նիեպսը հպարտանալու պատճառներ ուներ։ Շատ հավանաբար, նրա նկարը առաջին լուսանկարն էր։

Իր ստեղծած մեթոդը կատարելագործելու համար 1829 թ.–ին Նիեպսը սկսեց համագործակցել խոշոր ձեռնարկատեր Լուի Դագերի հետ։ 1833 թ.–ին՝ Նիեպսի մահից տարիներ անց, Դագերը հասավ որոշ կարևոր նվաճումների։ Նա օգտագործեց արծաթի յոդիդը, որպեսզի դրանով պատեր պղնձե ափսեները, որոնք ավելի լուսազգայուն էին, քան անագե ափսեները։ Պատահաբար նա հայտնագործեց, որ երբ լուսակայումից հետո ափսեն սնդիկի գոլորշու վրա էր պահում, լուսանկարը ավելի պարզ էր դառնում։ Սա զգալիորեն նվազեցրեց լուսակայման ժամանակը։ Երբ ավելի ուշ Դագերը հայտնագործեց, որ աղի լուծույթով այդ ափսեն լվանալու արդյունքում նկարը ժամանակի ընթացքում չէր մգանում, լուսանկարչությունը գրավեց աշխարհի ուշադրությունը։

Ներկայացվում է աշխարհին

Երբ Դագերի հայտնագործությունը, որը կոչվում է դագերոտիպիա, 1836 թ.–ին ներկայացվեց հանրությանը, այն մեծ արձագանք գտավ։ Գիտնական Հելմուտ Գերնշիմը իր՝ «Լուսանկարչության պատմությունը» գրքում գրում է. «Հավանաբար ուրիշ ոչ մի հայտնագործություն այս աստիճան չի ցնցել մարդկանց և չի նվաճել աշխարհը այսպիսի կայծակնային արագությամբ, ինչպես որ դագերոտիպիան»։ Այդ միջոցառման ականատեսներից մեկը գրեց. «Մեկ ժամ հետո բոլոր օպտիկական խանութները լի էին մարդկանցով, սակայն բավականաչափ դագերոտիպային ապարատներ չկային բավարարելու այն մարդկանց պահանջը, ովքեր ուզում էին ունենալ դրանից. մի քանի օր անց Փարիզի բոլոր հրապարակներում կարելի էր տեսնել եռոտանի անլուսանցիկ տուփեր, որոնք մարդիկ տեղադրել էին եկեղեցիների և դղյակների առջև։ Բոլոր ֆիզիկոսները, քիմիկոսները և Փարիզի բանիմաց մարդիկ փայլեցնում էին արծաթե ափսեներ, և նույնիսկ ունևոր նպարավաճառները պատրաստակամորեն զոհաբերում էին իրենց ունեցվածքի մի մասը այդ առաջընթացի համար՝ վատնելով իրենց գումարները յոդինի և սնդիկի վրա»։ Փարիզի մամուլը դա անվանեց դագերոտիպոմանիա։

Դագերոտիպիայի ակնառու առանձնահատկություններից մեկը մղեց բրիտանացի գիտնական Ջոն Հերշելին գրել հետևյալը. «Չափազանցություն չի լինի, եթե այն անվանենք հրաշք»։ Ոմանք նույնիսկ այդ նորամուծությանը կախարդական ուժ էին վերագրում։

Սակայն ոչ բոլորը հավանություն տվեցին այդ հայտնագործությանը։ 1856 թ.–ին Նեապոլի թագավորը արգելեց լուսանկարչությունը հավանաբար այն պատճառով, որ մարդկանց կարծիքով՝ դա կապված էր «չար աչքի» հետ։ Տեսնելով դագերոտիպիա՝ ֆրանսիացի նկարիչ Պոլ Դելառոշը բացականչեց. «Այսօրվանից նկարչությունը մեռած է»։ Հայտնագործությունը մեծ անհանգստություն պատճառեց նկարիչներին, որոնք մտածում էին, թե իրենց ապրուստը այսուհետև վտանգի տակ է։ Մի մեկնաբան արտահայտեց ոմանց վախը հետևյալ խոսքերով. «Այն ճշգրտությունը, որով լուսանկարը պատկերում է իրականությունը, կարող է ազդել գեղեցիկի մասին անհատի պատկերացման վրա»։ Բացի այդ, լուսանկարները քննադատության էին արժանանում, քանի որ անողոքաբար ցույց էին տալիս իրականությունը և դրանով իսկ ի չիք դարձնում գեղեցկության և երիտասարդության մասին փայփայված պատկերացումները։

Հասանելի է բոլորին

1880–ականների վերջին բազմաթիվ պոտենցիալ լուսանկարիչներ դեռ խուսափում էին լուսանկարելուց, քանի որ այն թանկ էր և դժվար։ Սակայն երբ 1888 թ.–ին Ջորջ Իսթմենը հայտնագործեց «Կոդակը»՝ դյուրակիր և օգտագործման պարզ եղանակ ունեցող մի ապարատ, որի մեջ դրված էր լուսաժապավեն, դրանով նա ճանապարհ հարթեց սիրողական լուսանկարչության համար։

Երբ ժապավենը վերջանում էր, գնորդը ապարատը ժապավենի հետ միասին ուղարկում էր գործարան։ Այնտեղ լուսաժապավենը երևակվում էր, ապարատի մեջ նոր լուսաժապավեն էր տեղադրվում և նկարների հետ միասին ուղարկվում տիրոջը. այդ ամենը համեմատաբար ցածր գին ուներ։ «Պարզապես սեղմիր կոճակը, իսկ մենք կանենք մնացածը» լոզունգը բոլորովին էլ չափազանցություն չէր։

Լուսանկարչությունը այսօր մատչելի է բոլորին, և այն փաստը, որ ամեն տարի միլիարդավոր լուսանկարներ են արվում, ցույց է տալիս, որ լուսանկարչությունը չի կորցրել իր հեղինակությունը։ Ընդհակառակը՝ այն ավելի մեծ ճանաչում է գտել թվային ֆոտոխցիկների շնորհիվ, որոնք մեգակետիկներով են պահում պատկերը։ Այս ապարատն ունի հիշողության փոքր չիփ, որը կարող է հարյուրավոր նկարներ պահել իր մեջ։ Բարձրորակ նկարներ կարելի է տպել նույնիսկ տանը՝ համակարգչի և տպիչ սարքի միջոցով։ Իսկապես, լուսանկարչությունը երկար ճանապարհ է անցել մինչև մեզ հասնելը։

Նյութի աղբյուր՝ http://wol.jw.org/hy-armn/wol/lv/r44/lp-rea/0/4221

Реклама

Հետաքրքիր է,ինչպե՞ս է լուսանկարչությունը սկիզբ առել

Պատմությունը սկսվում է այսպես. Իտալացի ֆիզիկոս Ժանբատիստա Դելլա Պորտայի (1535–1615 թթ.) հյուրերը ցնցված էին։ Նրանց առջև՝ պատի վրա, մարդկանց գլխիվայր պատկերներ կային, որոնք շարժվում էին։ Վախեցած այցելուները դուրս փախան սենյակից։ Դելլա Պորտան մեղադրվեց կախարդության մեջ։

ՈՐՔԱ՜Ն թանկ վճարեց նա այն բանի համար, որ փորձեց զվարճացնել իր հյուրերին՝ ներկայացնելով նրանց իր օբսկուր–խուցը, որը լատիներենով բառացի նշանակում է «մութ սենյակ»։ Ապարատի գործելու սկզբունքը պարզ է, սակայն արդյունքներն ապշեցուցիչ են։ Ինչպե՞ս է այն աշխատում։

Երբ լույսը մտնում է անլուսանցիկ խցիկ կամ տուփ փոքրիկ անցքի միջով, դրսի պատկերը արտացոլվում է դիմացի պատի վրա։ Այն, ինչ տեսան դելլա Պորտայի հյուրերը, ոչ այլ ոք էին, քան դրսում շարժումներ կատարող դերասաններ։ Օբսկուր–խուցը ժամանակակից լուսանկարչական ապարատի նախատիպն է եղել։ Այսօր դու գուցե այն միլիոնավոր մարդկանցից մեկն ես, որն ունի լուսանկարչական լավ ապարատ կամ առնվազն ամենատարածված, ոչ թանկ ապարատներից։

Սակայն դելլա Պորտայի օրերում օբսկուր–խուցը նոր բան չէր։ Արիստոտելը (մ. թ. ա. 384–322 թթ.) գտել էր օբսկուր–խցի աշխատելու սկզբունքը, որի հիման վրա հետագայում այն ստեղծվեց։ 10–րդ դարի արաբ գիտնական Իբն ալ–Խայսամը վառ կերպով նկարագրեց օբսկուր–խցի աշխատելու սկզբունքը, իսկ 15–րդ դարի նկարիչ Լեոնարդո դա Վինչին այդ մասին գրել է իր հուշատետրերում։ 16–րդ դարում ոսպնյակների ներմուծումը նպաստեց լուսանկարչական ապարատի ճիշտ ձևով աշխատելուն, և շատ նկարիչներ օգտագործեցին դա՝ պատկերները ճիշտ և համաչափ վերարտադրելու համար։ Սակայն չնայած բազմաթիվ փորձերին՝ լուսանկարներ տպելը երազանք մնաց մինչև 19–րդ դարը։

Նյութի աղբյուր՝http://wol.jw.org/hy-armn/wol/lv/r44/lp-rea/0/4221

Լուսանկարչության մասին

ИзображениеԴագերոտիպի ապարատ

Լուսանկարչություն, պատկերների ստեղծման և պահպանման պրոցես՝ լուսային կամ այլ էլէկտրամագնիսական ճառագայթների գրանցման միջոցով։ Պահաաժամի ընթացքում մարմինների կողմից արձակված կամ անդրադարձրած լույսի ճառագայթները պահպանվում են լուսազգայուն մակերեսի (ժապավեն  թուղթ կամ հիշողության ֆիզիկական կրիչներ՝ սենսոր) վրա։ Լուսանկարչությունն ունի արվեստային, սոցիալական, գիտական կիրառություններ։

Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը։ Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա։ Այն թարգմանաբար նշանակում է «մութ սենյակ»։ Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա։ Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դիմաց տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով։ Առարկայի ստվերն անցնում է արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին։ Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ։ Բայց սա դեռ իրական պատկերը չէ։ Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 1839թ հունվարի 7-ը., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը։

Դրա հիմքում ընկած էր լույսի ազդեցության միջոցով արծաթյա թիթեղի վրա իրական պատկերի ստացումը, դրա համար էլ կոչվեց ֆոտոգրաֆիա։ Ֆոտո-լույս, գրաֆիա-նկարչություն։ Առաջին ֆոտոապարատները կոչվեցին դագերոտիպ՝ ֆր. գիտնական Լուի Դագերի անունով, որը համարվում է առաջին ֆոտոապարատների ստեղծողներից մեկը։

Լուսանկարը՝Վիկիդարան

Նյութի աղբյուր՝Վիկիդարան