Archive for the ‘Արվեստի տեսակներ’ Category

Հետաքրքիր տեղեկություններ բատիկայի մասին

DSC04887Արվեստի այս տեսակը հայտնի է եղել հին դարերից, սակայն անգամ այսօր հնաոճ չէ։ Բարձր խավի մարդիկ կրում են այն հանդիսավոր ընդունելությունների ժամանակ, իսկ տեղի շուկաներում այս գործվածքի հագուստներ կրում են նաև առևտրականները։ Այն գեղեցիկ է, գունեղ ու բազմազան։ Սակայն ի՞նչ է բատիկը։ Ինչպե՞ս է այն պատրաստվում։ Ո՞րն է նրա հայրենիքը։ Եվ ինչպե՞ս է այն օգտագործվում այսօր։

Բատիկը հին պատմություն ունի։ Դրա զարդանախշը արվում է հատուկ ներկակայուն տեխնոլոգիայով։ Արվեստի այս ճյուղը Ինդոնեզիայի կյանքի ու մշակույթի անբաժանելի մասն է։ Նման գործվածքներ մեծ ճանաչում ունեն ողջ աշխարհում։

Ներկի ու մոմի պարը

Նկարիչը «բատիկի կտավը» պատրաստում է՝ օգտագործելով փոքրիկ պղնձյա գործիք, որի մեջ լցված է հեղուկ մոմը, որպեսզի կտորի վրա ձեռքով նկարի բարդ նախշեր։ Երբ մոմը չորանում է, նա ներկում է կտորը։ Մոմապատ մասերը պահում են իրենց գույնը և չեն ենթարկվում ներկի ազդեցությանը։ Այս պրոցեսը հաճախ կրկնում են՝ օգտագործելով տարբեր գույնի ներկեր՝ վառ զարդանախշ ստեղծելու համար։

19-րդ դարի կեսերին բատիկի վարպետները կտորը մոմելու համար օգտագործում էին պղնձյա շտամպներ։ Դաջման այս եղանակը ավելի արդյունավետ էր, քան ձեռքի գործիքով աշխատելը, բացի այդ, այդպես հնարավոր էր նույնատիպ զարդանախշեր ստանալ։ 20-րդ դարում գործարանները սկսեցին տրաֆարետով զարդանախշեր տպել կտորի վրա։ Այնուհանդերձ, ձեռքով արված բատիկը դեռ կենդանի է, չնայած որ համաշխարհային շուկայում գերիշխող է մեքենայական արտադրության բատիկը։

Բատիկը սովորաբար պատրաստվում է բամբակից կամ մետաքսից։ Ներկերը ստանում են տեղի տերևներից, փայտից, ծառի կեղևից և համեմունքներից, օգտագործվում են նաև արհեստական ներկեր։ Նախքան մոմով աշխատելը արհեստավորները զարդանախշեր պատկերելու համար օգտագործել են բանջարեղենի մածուկներ, կենդանիների ճարպ և նույնիսկ ցեխ։ Այսօր հաճախ արհեստական մոմ են օգտագործում, չնայած պարաֆինի և մոմի խառնուրդը դեռևս կիրառելի է։

Հին անցյալ, փայլուն ապագա

Ոչ ոք չգիտի, թե երբ և որտեղ է առաջին անգամ բատիկը ծնունդ առել։ Բատիկի որոշ նմուշներ գտնվել են Չինաստանում և թվագրվում են մ.թ. 6-րդ դարով։ Իսկ թե երբ է այն հայտնվել Ինդոնեզիայում, նույնպես հայտնի չէ, սակայն փաստեր կան, որ մինչև 17-րդ դարը բատիկի առևտուր է իրականացվել թե՛ Ինդոնեզիայում և թե՛ նրա սահմաններից դուրս։

Վերջին տասնամյակներում բատիկը ավելի մեծ ճանաչում է գտել և դարձել է Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշ։ Հաշվի առնելով բատիկի պատմությունը և մշակութային արժեքը՝ 2009թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բատիկը համարեց որպես Ինդոնեզիայի «մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» մի մասը։

Բատիկից պատրաստված հագուստ

Բատիկը կրելու, ծալելու և պատրաստելու ավանդական տարբեր կերպեր կան, ինչը պայմանավորված է տեղի հավատալիքներով ու սնոտիապաշտությամբ։ Ինդոնեզիայի շատ նահանգներ առանձնանում են իրենց հատուկ բատիկի գույներով ու մոտիվներով։ Օրինակ՝ Ճավայի հյուսիսային ափամերձ շրջաններում բատիկը վառ գույներ ունի՝ հաճախ նկարազարդված ծաղիկներով, թռչուններով և կենդանիներով։ Իսկ Ճավայի կենտրոնական մասում գույների երանգները սահմանափակ են և ունեն երկրաչափական զարդանախշեր։ Գոյություն ունի բատիկի մոտ 3000 նախշազարդման եղանակ։

Սելենդանգը բատիկից պատրաստված ավանդական շալ է, որը կանայք գցում են իրենց ուսերին։ Այս շալի մեջ հաճախ երեխա են կրում կամ շուկայից գնած ապրանքներ են տանում։ Իսկ շոգ եղանակին շալով ծածկում են նաև գլուխը։

Տղամարդիկ օգտագործում են բատիկից պատրաստված գլխաշոր, որը կոչվում էիկետ կեպալա։ Քառակուսի կտորը փաթաթելով գլխին՝ այն դառնում է չալմա։ Իկետ կեպալան համարվում է նաև ծիսական հագուստի ատրիբուտ։

Բատիկից պատրաստված մեկ այլ հայտնի հագուստ է սարոնգը՝ ուղղանկյուն կտոր, որը փաթաթում են մարմնին։ Երբեմն այս կտորի երկու ծայրերը իրար են կարում ու այն դառնում է փողի ձև ունեցող զգեստ։ Իսկ երբ կտորը փաթաթում են գոտկատեղին, այն դառնում է լայնարձակ կիսաշրջազգեստ։ Սարոնգ կրում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։

Իրականում, բատիկից պատրաստում են ամեն տեսակի հագուստ՝ սկսած սովորական տաբատներից մինչև շքեղ զգեստները։ Բատիկի կտորից պատրաստում են նաև նկարներ, կարում են վարագույրներ, սփռոցներ, ծածկոցներ և այլն։ Ինդոնեզիայի շուկաներում քայլող զբոսաշրջիկները կարող են գնել նաև բատիկ ոճի պայուսակներ, սանդալներ, լուսամփոփներ և նույնիսկ փոքրիկ համակարգչի պատյաններ։ Տեսականին անսահմանափակ է։ Իրոք որ շքեղ գործվածք։

Նկարը՝ իմ անձնական արխիվից

Նյութի աղբյուր՝ http://wol.jw.org/hy-armn/wol/lv/r44/lp-rea/0/4221