Archive for Май 2016

Պլաստիլինը մեր ձեռքերով

PicMonkey Collagek

Ամառային ճամբարն առավել հետաքրքիր դարձնելու համար ինքներս պատրաստեցինք պլաստիլին:Աշխատանքային փուլն ընթացավ շատ ուրախ և արդյունավետ:Առաջարկում ենք բոլորին փորձել:

Աշխատանքային փուլի մասին պատմող ֆոտոշարքը տե՛ս այստեղ:

Ահա և բաղադրատոմսը

1 (200գր.) բաժակ ալյուր

1 (200գր.) բաժակ աղ

1 ճ/գդ ձեթ

1 ճ/գդ գլիցիրին

Ամառային ճամբարի երկշաբաթյա ծրագիր

 

Նախագծի մասնակիցներ-1-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետներ-մայիսի 30-հունիսի 13

Ամառային ճամբարը նոր և հետաքրքիր դարձնելու համար իրականացնելու ենք  մի շարք նախագծեր:Նախագծերը կլինեն ոչ միայն տեխնոլոգիական,այլ նաև էկոլոգիական,խոհանոցային և արտ-թերապևտիկ,թատերական:

Ամառային ճամբարի առաջին շաբաթը կսկսենք արտ-թերապիա նախագծից,որն անընդհատ և շարունակական է:Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել և ծանոթացնել նկարչության ժանրերի,ավելի կոնկրետ՝ դիմանկարի  հետ:Ինչպես նաև աշխատելու ենք խմորով և ինքներս պատրաստելու ենք պլաստիլին:Խմորը նույնպես համարվում է  արտ-թերապևտիկ նյութ:Նախագծի վերջում ունենալու ենք խմորից պատրաստված կոլաժ:

Հաջորդ կարևոր աշխատանքներից է արտ-միջավայր նախագիծը:Արդեն իսկ սկսած աշխատանքը շարունակելու ենք:Առաջին փուլում ծեփամածիկով հարթեցրել ենք  պատը,ապա ներկելու ենք սպիտակ ներկով և վերջում անցնելու ենք ամենահետաքրքիր փուլին՝ նկարչությանը:

1-3-րդ դասարանի սովորողների հետ աշխատելու ենք արտ-թերապիայով և կոլաժով:Սովորողները կծանոթանան «կոլաժ»ժանրի հետ,և իրենց ձեռքով կստեղծեն հետաքրքիր կոլաժային աշխատանքներ:Որպես նյութ կարող ենք օգտագործել՝ թափոններ,ամսագրեր,գունավոր թղթեր և այլ տարատեսակ նյութեր:Կոլաժն օգնում է առավել ազատ և ինքնատիպ ստեղծագործել:

Բացի տեխնոլոգիական նախագծերից 4-5-րդ դասարանցիների հետ իրականացնելու ենք խոհարարական նախագծեր:Սովորելու ենք ինքներս պատրաստել համեղ ըմպելիքներ,անուշեղեն,մրգային աղցաններ:

Թատերական փառատոնին մասնակցելու համար անպայման օգտագործելու ենք  մեր պատրաստած կավե տիկնիկները:Այս տիկնիկների միջոցով ստեղծելու ենք նոր և հետաքրքիր հեքիաթասաց հաղորդում:Դե ինչ,կարծում եմ հետաքրքիր կստացվի:

Ունենալու ենք նաև ճամփորդություններ դեպի Կենդանաբանական այգի և այլ հետաքրքիր վայրեր:

Ամառային ճամբարի մասին պատմող նյութերը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

Զարդանախշեր

thumbnail_ORNAMENT 3Առհասարակ, բոլոր ժողովուրդներն էլ ստեղծել են իրենց զարդանախշերը՝ կապելով իրենց ավանդույթների, դիցաբանության հետ:Զարդանախշերի պակաս հայկական արվեստը չի ունեցել:  Այսօր տարածված նորաձեւ դետալներն իրականում շատ հին պատմություն ունեն:

Տվյալ դեպքում՝ այս զարդանախշը  կարող է դառնալ հագուստի համար հետաքրքիր և յուրօրինակ դետալ:Այն կարող է և՛ հայկական տարազի ձևավորման մեջ օգտագործվել,և՛  առօրյա  հագուստի վրա ոճավորված ,ինչպես նաև ասեղնագործ տարբերակով կամ նկարված:Կարող ենք օգտագործել  նաև գոտիների ձևավորման համար :Գոտին բնորոշ է կանաց և տղամարդկանց տարազին: Այս զարդանախշը կօգտագործվի գոտու տարբեր տեսակների`սկսած շալե գործվածքներից մինչև կաշվեղեն ու մետաղական:

 

thumbnail_ORNAMENT 2Բացի հագուստի մեջ օգտագործելուց,այն կարող ենք պատկերացնել նաև ինտերիերի ձևավորման մեջ:Ինչպես օրինակ՝ երկրաչափական զարդանախշով կարող ենք ձևավորել մանրահատակը,կամ խճանկարի մեջԱյն կարող է հետաքրքիր դիտվել օրինակ խոհանոցի պատի սալիկապատման մեջ՝ հանդես գալով որպես գոտի:

thumbnail_ORNAMENT 1Դեկորատիվ կիրառական արվեստի մեջ լայն տարածում ունեն այս զարդանախշերը:Յուրաքանչյուր իր ստեղծելիս հարկավոր է հաշվի առնել զարդանախշը,ինչը ընդգծում է պատրաստված իրը և դարձնում առավել ստեղծական:Այն կարող է օգտագործվել ոսկերչության ,խեցեգործական իրերի և գրքի դեկորատիվ ձևավորման մեջ:

 

Պլաստիլինե թատրոնի մեկնարկ

Պլաստիլինե թատրոնի մեկնարկը տրված է: Սովորողների հետ պատրաստել ենք կերպարներ՝պլաստիլինից,պլաստմասե շշերից և ալյումինաթղթից:Աշխատանքն ավարտելու համար շատ հետևողական աշխատել ենք,որպեսզի ստեղծված դեկորները դառնան նոր պլաստիլինե թատրոնի սկիզբ:

Աշխատանքային ամբողջ փուլը տե՛ս այստեղ:

«Մեկ ամսվա նախագծի» նախագծում, որի ամփոփումը կտեսնենք ամռանը

Վերնագիրը պահանջում է և պարտավորեցնում  ծավալուն,
երկարատև և անհոգնել աշխատանք:

Տեխնոլոգիա առարկան զարգացնում է մտածելակերպը, օգնում է ստեղծագործել, այն չի սահմանափակում մտքի ազատությունը:
Տեխնոլոգիայի մեջ մտնող  կավագործությունը մեծ ուրախություն և ոգևորություն պատճառեց ինձ և սովորողներին: Տարբեր տարիքային խմբերում դասավանդելիս՝ նախակրթարաններից մինչև հիմնական դպրոց, օգնեց ինձ տեսնել սովորողների մտածելակերպը: Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր առանձնահատկությունները, հետաքրքրությունները: Սովորողների հետ միասին սկսեցինք ստեղծագործել տարբեր թեմաներով: Մեզ օգնության հասավ ուսումնական օրացույցը, որի միջոցով էլ ունեցանք հետաքրքիր ուսումնական նյութեր:Նույնիսկ ունեցանք մի քանի նախագծեր` Դիջիթեք 2013, թումանյանական օրեր,Ղափամայի  ծես, Զատկի ծես և այլն:
Կավի ստեղծարար հատկություններից ոգևորված՝ որոշեցի ամառային ճամբարի ընթացքում իրականացնել մի նախագիծ, որի շնորհիվ կունենանք հետաքրքիր, դեկորատիվ, յուրօրինակ միջավայր: Իսկ հիմա ներկայացնեմ նախագիծը:
Ամեն ինչ սկսվեց «Դպրոցական շենքի մուտքի ձևավորման նախագծերի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում»  Մայիսյան 8-րդ հավաքի  ծրագրից: Եվ քանի որ Դպրոց-պարտեզում  կավով  աշխատանքը դարձել է  կարողություն, որոշեցինք որպես նյութ օգտագործել կավը: Այդ աշխատանքը հետաքրքիր է նաև նրանով, որ այն դառնալու է մնայուն արժեք: Պատերի գեղարվեստական ձևավորման միտքն առաջացավ առցանց քննարկման շնորհիվ: Քննարկումներից հետո սկսեցինք խճանկար նախագծել, որն իր մեջ կունենա պարզ էլեմենտներ (մինիմալիզմ), հետաքրքիր դինամիկ լուծումներ, գունային ակտիվություն:
Ծրագրի իրականացման համար կարևոր  և պարտադիր է 4-6-րդ դասարանի սովորողների մասնակցությունը:
Խճանկար ստեղծելու հիմնական նպատակներից է նոր նյութի  վերաբերյալ սովորողների  կարողությունները ձևավորելը, քննարկվելիք նյութի մեջ նրանց ներգրավվելը, հետևաբար ակտիվացնել և սովորողների մեջ ձևավորել կարողություններ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն, ձգտում:
Քանի որ մեր աշխատանքը լինելու է պատը խճանկարով ձևավորել, ուստի անհրաժեշտ է գործնական աշխատանքի միջոցով հասկանալի դարձնել  սովորողներին խճանկարի ստեղծման տեխնոլոգիան, այսինքն՝ ինչպես է ստեղծվում, ինչ փուլերով է անցնում և վերջապես ինչպես է ամրանում: Խեցու մեծ և փոքր բեկորների օգնությամբ պատը կդառնա դեկորատիվ և հետաքրքիր:
Նկարազարդման այս տարբերակը կօգնի  զարգացնել սովորողների ճաշակը դեկորատիվ արվեստի ուղղությամբ:
Նախագծի ավարտը կամ ամփոփումը կտեսնեք ամռանը, երբ աշխատանքները կավարտվեն:

Իսկ ինչ է «Խճանկարը»

Խճանկարը կոթողային զարդարվեստի տեսակ է, որը համասեռ կամ տարբեր նյութերի (քար, գունախիճ, խեցի և այլն) մասնիկներից է ստեղծվում ու դառնում պատկեր կամ զարդ: Խճանկարը պատրաստելիս այդ մասնիկները` խճերը, պատկերազարդվող մակերեսին ամրացվում են ցեմենտով, սիլիկոնով: Պատահական չէ, որ դեռևս անտիկ, հին ժամանակներից, խճանկարներով զարդարվել են իշխանական տների պատերը, դղյակների պարիսպները և այլն:

Արտ-թերապիայի վերապատրաստումն իմ կյանքում և կիրառումը իմ օրվա գործում

Ելնելով աշխատանքիս բնույթից՝ լինելով սովորողների հետ անմիջական շփման մեջ, ինձ պարտավորված  եմ զգում հասկանալ, բացահայտել, վեր հանել այն խնդիրները, որոնք խնամքով, անգիտակցաբար թաքնված են՝ բացահայտել սովորողների հուզական աշխարհը, ձևավորել նրանց աշխարհընկալումը, աշխարհայացքը, օգնել , ուղղորդել  , որ ձևավորվի անհատականություն՝ առանց բարդույթների:

Ունենալով նկարիչ-խեցեգործի մասնագիտական կրթություն արտ-թերապիան մի ուրիշ աշխարհ բացեց իմ առջև ,այն աշխարհը,որտեղ կարելի է բացահայտել ոչ միայն սովորողներին,այլ նաև առհասարակ մարդու զգացմունքները,          ենթագիտակցական,գիտակցական,անգիտակցական աշխարհը,  միջանձնային,ներանձնային,սոցանձնային հարաբերություն-       ները,ինչպես նաև ստրեսային ֆոնը և վախերը:

Այս վերապատրաստումն իմ կյանքում զարգացման կարևոր փուլ դարձավ: Այն օգնեց հասկանալ, որ մարդը չի կեղծում իր զգացմունքները, այլ հակառակը՝ պատկերում է իր ներքին աշխարհը առանց ստելու, պարզապես նկարելով, չգիտակցելով, որ անխոս միայն նկարելով կարող է արտացոլել թաքնված հույզերը:Արտ-թերապիան օգնում է արտահայտել մտքերն ու ապրումները,որոնք դժվար է ձևակերպել բառերով,այն ընդհանրապես ազդում է մեր ներքին ռեսուրսների վրա,հատկապես նրանց՝որոնց մենք համառորեն թաքցնում ենք:Եթե մարդը հոգեբանի մոտ պատմում է իր խնդիրների մասին ,ապա արտ-թերապիան առանց խոսելու և պատմելու թույլ է տալիս գլխի ընկնել թե ինչումն է խնդիրը:

Արտ-թերապիայով աշխատելիս անհրաժեշտ է ուղղակի շարժել վրձինը կամ մատիտը ու նկարել այն ,ինչ կնկարի ձեռքը,առանց երկար-բարակ մտածելու:Սա մեր հոգու լեզուն է,     որը յուրաքանչյուրիս մոտ տարբեր կերպ է խոսում:

Արտ-թերապիան իր մեղմությամբ և յուրահատկությամբ տարբերվում է մնացած բոլոր հոգեթերապևտիկ մեթոդներից և իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ՝ իզոթերապիա,ավազաթերապիա,հեքիաթաթերապիա,երաժշտաթերապիա և իհարկե ծեփելու և կավով աշխատելու թերապիա:

Իզոթերապիան իր մեջ ներառում է նկարչություն, գունաթերապիա,նկարների դիագնոստիկա և այլն:Արտ-թերապիայի առանձնահատկություններից մեկն այն է,որ նկարելուց հետ երկխոսություն է ստեղծվում նկարի և ստեղծագործողի գիտակցության միջև:Ուղղակի նկարչությունը  արտ-թերապիա չէ:Քանի որ միայն հանգստությունն ու լարվածությունը թոթափել չի նշանակում թերապիա:Այն ուղղակի նկարչությունից տարբերվում է նրանով ,որ ինչպես ցանկացած թերապիայում այստեղ նույնպես կա խնդիր ,հայց ,կա նպատակ և հատուկ ուղղորդված տեխնիկաներ:

Արտ-թերապիայով աշխատելն արդյունավետ է բոլոր սովորողների համար:

Այս մեթոդով աշխատելու առավելություններն են.

  • օգնում է արտահայտել այն մտքերն ու ապրումները,որոնք դժվար է ձևակերպել բառերով
  • ազատում է ստեղծագործական ներուժը և ներքին ապրումները դժվար իրավիճակից դուրս բերում
  • ակտիվացնում է հիշողությունը
  • պատկերացում է տալիս շրջակա միջավայրի մասին
  • առավել կազմակերպված ,կարգավորված և ինքնուրույն է դարձնում
  • ներկայացնում է անձի անհատականությունը
  • հաստատունության և կայունության զգացողություն է տալիս
  • դուրս է հանում կուտակված բացասական էներգիան

 

Հաճախ եմ սովորողներից լսում, մեջբերում եմ.

«Ես նկարել չգիտեմ»,«Ես դա չեմ կարող անել,ինձ մոտ չի ստացվի»…մտքեր,որոնք հաճախ խանգարում են ստեղծագործել և դուրս հանել հոգեկանում կուտակված բացասականը:Բանը նրանում է,որ արվեստը օգնում է հասկանալ սեփական զգացումները,ապրումները,որոնց մասին հնարավոր չէ պատմել բառերով:Երբեմն մեր ենթագիտակցությունը մտածում է կերպարներով՝սիմվոլ դարձնելով մեր խնդիրները:Այդ կերպարները կարելի է հանձնել թղթին կամ աշխատել կավով՝դուրս բերելով այն:Հարկավոր է միայն ցանկություն ունենալ ,լսել ներքին ձայնին և ստեղծագործել:Նյութի ընտրությունը որպես կանոն երբեք պետք չէ պարտադրել սովորողին,քանի որ յուրաքանչյուր նյութ ինքն իրենից բնավորություն է ներկայացնում ու արտահայտում:Արտ-թերապիայում,առավել ևս կրտսեր դպրոցի սովորողների համար ճիշտ և սխալ ստեղծագործություններ,լավ և վատ նկարներ չեն լինում:Այն ,ինչ ստեղծել է սովորողը,դա ամենագեղեցիկն է,դրանք սովորողի պահի ապրումներն են ,իսկ նրանք տգեղ և չստացված ուղղակի լինել չեն կարող:

Պլաստիլինով կամ կավով թերապիան ևս՝ արտ-թերապիայի ուղղություններից է համարվում:Ծեփելը իջեցնում է մկանային և էմոցիոնալ լարվածությունը,զարգացնում է մանր մոտորիկան,ստեղծագործական տարածական  երևակայությունն ու հեշտացնում զգացմունքների արտահայտումը:Ծեփել կարելի է ամեն բան՝ինչ հնարավոր է ,ինչքան կբավարարի երևակայությունը:Իսկ սովորողների երևակայությունն անսահման է և հետաքրքիր,մենք՝ մեծերս շատ սովորելու բան ունենք նրանցից:

Արտ-թերապիայում բացի անհատական աշխատանքներից իր առավելությունն ունի խմբայի աշխատանքը:Խմբային արտ-թերապիան օգնում է սովորողին.

  • զարգացնել սոցիալական հմտությունները
  • աջակցել խմբի անդամներին
  • դիտել միասին կատարած գործունեության արդյունքը
  • բարձրացնում ինքնագնահատականը
  • ընդունում սեփական անձն ու շրջապատող մարդկանց
  • գիտակցում սեփական անձի արժեքը,կարևորությունը
  • սովորում հաշվի առնել դիմացինի կարծիքը

 

Վերապատրաստման ընթացքում դասավանդողների և սովորողների հետ աշխատել ենք արտ-թերապիայով:Ստեղծել ենք կոլաժ,նկարել ենք թերապևտիկ տեստեր,ծեփել ենք կավով,աշխատել ենք հեքիաթաթերապիայով և իհարկե շարունակում ենք աշխատել:Շատ նախագծային աշխատանքներ կան,որ դեռ չենք հասցրել իրականացնել,բայց այս նախագիծը  շարունակական է:

Ուզում եմ ավելացնել ոչ միայն սովորողների,այլև մեր՝մեծերիս համար,եկեք ներդաշնակ լինենք ինքներս մեզ հետ և ազատվենք մեր մեջ արգելափակված էներգիայից,ստեղծենք և ստեղծագործենք առանց սահմանափակումների,կառուցելով մեր սեփական աշխարհը:

Այս վերապատրաստումը շատ կարևոր դեր ունեցավ իմ ինքնակրթության այս փուլում,ինչի շնորհիվ կարողացա առավել ճիշտ և լավ հասկանալ իմ սովորողներին,ինչի համար շատ շնորհակալ եմ իմ կրթահամալիրին:

 

 

Իմ ստեղծած սենյակը

Կոլաժը նույնպես համարվում է արտ-թերապիայի ուղղություններից մեկը: Այն  օգնում է բացահայտել սովորողի ստեղծագործական ներուժը,ներքին ապրումները:Կոլաժի միջոցով սովորողը արտահայտում է այն մտքերն ու ապրումները,որոնք դժվար է ձևակերպել բառերով:Ինչպես նաև ակտիվացնում է հիշողությունը,հաստատունության ու ինքնուրույնության զգացողություն է տալիս և դուրս հանում կուտակված բացասական էներգիան:

Աշխատանքային փուլը տե՛ս այստեղ:
PicMonkey Collage0